27.2.14

Լուծվեց նաև Սիլվայի տան էլեկտրամատակարարման հարցը

Եվս մեկ ուրախալի նորություն. լուծվեց նաև Սիլվայի տան էլեկտրամատակարարման հարցը: 
Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ մասնաճյուղի Գորիսի էլ. ցանցի պետ Էդիկ Արզումանյանին, ով անշահախնդիր կերպով ու շատ արագ արձագանքեց մեր խնդրանքին:

26.2.14

Օգնենք Սիլվային: առաջին արձագանքներ

Ուրախ ենք, որ արդեն արձագանքողներ կան. Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ Սարգիս Օչինյանը Սիլվային է փոխանցել 1 խորանարդ մետր փայտ և սնունդ: Իրենց օգնությունն են ցուցաբերել նաև համագյուղացիներից. նրանք նույնպես սնունդ են փոխանցել:

Օգնենք Սիլվային

Քարահունջցի Սիլվան մեր հերոսներից առաջինն է, ում «Բարեկենդան» շարժումը օգնության ձեռք կմեկնի: Այդ նպատակով որոշվել է մարտի 7-ին այցելել նրան:
Միացիր մեր ֆեյսբուքյան միջոցառմանը:
Հարգելի բարեկամ, դու ևս կարող ես միանալ մեր նախաձեռնությանը, որի մասին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող ես զանգահարել 028420731 և 094541261, 091024677 հեռոխոսահամարներով, գրել barekendangoris@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ այցելել Անկախության 2 հասցե և քո ներդրումն ունենալ:

13.2.14

Սիլվայի լույսը մարում է արեւի լույսի հետ


Անահիտ Բաղդասարյան
57-ամյա Սիլվա Այվազյանը ապրում է Քարահունջ գյուղում, իր տան նկուղային հարկում: Տարիների ընթացքում տունը քայքայվել է եւ հիմա շենքից կանգուն են մնացել միայն նկուղային հարկի պատերը: «Գոնե այստեղ մի կերպ պատսպարվում եմ ցրտից: Գազանը որ գազան ա, էլի իրա որջն ունի: Ի՞նչ անեմ, շենքս ամբողջովին ավերվել է»,- կարծես իրականության հետ համակերպված ասում է Սիլվան:
Ակներ գյուղում է ծնվել Սիլվան: Մոր երկրորդ ամուսնությունից հետո նրանք տեղափոխվում են Քարահունջ: Խորթ հոր մահանալուց տասը տարի անց մայրը նոր ամուսին է գտնում, այս անգամ` Սիսիանի Նորավան գյուղում: «88 թիվը կրկնակի դժբախտություն բերեց ինձ. իմ անձնական կյանքում էլ երկրաշարժ եղավ»,- արցունքները մի կերպ զսպելով վերհիշում է Սիլվան:Մոր հեռանալուց հետո անընդհատ սկսվում են խորթ հոր ընդվզումները: «Էնպես էր մորս լարել իմ դեմ, ասես դարավոր թշնամիներ լինենք»:


Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ մայրը ամուսնու հետ գնում է ոստիկանություն, դիմում ներկայացնում, իբր Սիլվան հոգեկան խնդիրներ ունի, եւ նրան տեղափոխում են Կապանի հոգեբուժարան: Սիլվան այնտեղ ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն դրանից քսանհինգ տարի անց էլ բոլորի կողմից միայն արհամարհանքի է արժանանում: «Ես համարում եմ, որ Սումգայիթում եմ: Թքում են երեսիս, ես էլ լուռ տանում եմ եւ՛ փոքրի, եւ՛ մեծի վիրավորանքը: Ինձ շատ ստորացված ու նվաստացած եմ զգում»,- ասում է նա: